1,5 մլն. դոլարի չափով փրկագին ստանալուց հետո սոմալեցի ծովահեններն ազատ են արձակել 3 ամիս առաջ զավթված թուրքական «Horizon-1» նավը՝ անձնակազմի 23 անդամներով։
Ինչպես տեղեկացնում է Reuters-ը, ծովահենները հեռացել են նավից այսօր ցերեկը։ Հուլիսի սկզբին զավթված Horizon Maritime & Trade ընկերությանը պատկանող նավը պետք է Սաուդյան Արաբիայից Հորդանան հասցներ 33 հազար տոննա ծծումբ։
Առեւանգումից հետո բեռնանավը տեղափոխվել է ինքնահռչակ սոմալիական Պունտլենդ պետության հյուսիսում գտնվող Էյլ նավահանգիստ։ Ծովահեններն, ի սկզբանե, ըստ AFP-ի տվյալների, պահանջում էին 20 մլն. դոլար։
Ներկայումս նավը, ինչպես հաղորդում է ՒՏԱՌ-ՏԱՍՍ-ը, ռազմանավի ուղեկցությամբ տարվում է անվտանգ գոտի, որտեղից այն կուղղվի Կարմիր ծովում գտնվող հորդանանյան Աքաբա նավահանգիստ, Աքաբայից էլ թուրք նավաստիներին ինքնաթիռով կհասցնեն հայրենիք։
Հարկ է նշել, որ 2009 թվականի սկզբից սոմալիական ծովահենները հարձակում են կատարել ավելի քան 200 նավերի վրա։ Այդ կապակցությամբ ՄԱԿ-ը արտասահմանյան ռազմանավերին թույլ է տվել պարեկել Սոմալիի տարածքային ջրերը։



























