Նորվեգիան, Ավստրալիան, Իսլանդիան եւ Իռլանդիան 2009 թվականի արդյունքներով ճանաչվել են ամենաբարձր «մարդկային զարգացման ինդեքս» ունեցող երկրներ: Այսպիսին են ՄԱԿ-ի զարգացման ծրագրի արդյունքները: Ըստ այդմ, Հայաստանն այդ ցուցակում գրավել է 84-րդ տեղը, առաջ անցնելով Ուկրաինայից (85) եւ Ադրբեջանից (86): Վրաստանը գրավել է 89-րդ տեղը: Ռուսաստանը եւս հայտնվել է այդ ցուցակում՝ գրավելով 71-րդ հորիզոնականը: Ոչ բարեկեցիկ երկրների շարքում են Նիգերը, Աֆղանստանը եւ Սիերա Լիոնեն:
Մարդկային զարգացման ինդեքսը իր մեջ միավորում է երեք ցուցանիշներ` մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն, գրագիտությունը եւ կյանքի տեւողությունը: Առաջին անգամ այս ցուցանիշները ՄԱԿ-ի զարգացման ծրագրերում կիրառվել են 1990 թվականին:
Միաժամանակ, շուկայի հետազոտման ընկերությունը (GFK) հրապարակել է ազգային բրենդների իր տարեկան վարկանիշները, որոնք հիմնված են 20 երկրների 20 հազար մարդկանց շրջանում անցկացված հարցումների վրա: Ըն որում ընտրվել են ինչպես զարգացած, այնպես էլ զարգացող երկրներ: Այդ հետազոտության արդյունքում պարզվել է, որ ԱՄՆ-ը աշխարհում ամենաշատ հիացմունքի արժանացած երկիրն է՝ շնորհիվ Բարաք Օբամայի հանդեպ մոլորակի բնակիչների ջերմ վերաբերմունքի: Նախկինի համեմատ ԱՄՆ-ը 6 կետով վերեւ է բարձրացել վարկանիշային աղյուսակում: Նախկինում առաջատար Գերմանիան իջել է երրորդ տեղ, իսկ Ֆրանսիան շարունակում է մնալ երկրորդը: Հիացմունքի արժանի երկրների առաջին տասնյակում են նաեւ Մեծ Բրիտանիան, Ճապոնիան, Իտալիան, Կանադան, Շվեյցարիան եւ Ավստրալիան: Իսպանիան եւ Շվեդիան բաժանել են 10-րդ տեղը: Չինաստանը բարձրացել մի քանի կետով եւ գրավել 22-րդ հորզոնականը: 50 երկրների ցուցակի վերջին հորիզոնականում են Անգոլան եւ Իրանը:



























