Ամուսնու ծեծի հետեւանքով մահացած 20-ամյա Զարուհի Պետրոսյանի գործով այսօր` մայիսի 10-ին տեղի ունենալիք դատական նիստը, որը պետք է տեղի ունենար Մասիս քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, երրորդ անգամ հետաձգվեց: Հետաձգման պատճառը եղել է գործով մեղադրյալի` Յանիս Սարկիսովի պաշտպան Ժորա Հարությունյանի դիմումը Վճռաբեկ դատարան, որով նա բողոքարկել է Մասիսի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը` դատական նիստը անցկացնել դռնբաց: Մեղադրյալի պաշտպանը միջնորդել էր, որպեսզի դատարանը դատական նիստը դռնփակ անցկացնելու որոշում կայացնի, սակայն միջնորդությունը մեժվել էր:
Նշենք, որ այսօրվա դատական նիստին տուժող կողմը չէր ներկայացել:
Հաջորդ դատական նիստը կկայանա հունիսի 3-ին:
Հիշեցնենք, որ Զարուհի Պետրոսյանը մահացել է 2010 թվականի սեպտեմբերի 30-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնում: Նրա սպանության մեջ մեղադրվող Յանիս Սարկիսովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով (առողջությանը դիտավորյալ վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է մահ): Հոդվածը նախատեսում է 6-10 տարի ազատազրկում:





























