Երեւանի եւ Անկարայի միջեւ նորմալ հարաբերությունների հաստատումը կնպաստի Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության գործընթացին։ Այս մասին Երեւանում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ասաց Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրիդ Մարտենսը։
Նրա խոսքով, ԵՄ մուտք գործելու հիմնական նպատակները ոչ միայն տնտեսական չափորոշիչներն են, այլ նաեւ ԵՄ տարածքում քաղաքացիների ազատ տեղաշարժը։
«Սա ԵՄ-ի համար հիմնական չափորոշիչներից է»,- ասաց նա։
Քաղաքագետը նաեւ հիասթափություն հայտնեց, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կրկին դանդաղել է։
Հիշեցնենք, որ 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն ստորագրեցին հարաբերությունների հաստատման հայ-թուրքական արձանագրությունները: Դրանք այնուհետ պետք է վավերացվեին երկրների խորհրդարաններում, սակայն թուրքական կողմի ապակառուցողական մոտեցման եւ եւ առաջ քաշված նախապայմանների պատճառով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը կասեցրեց արձանագրությունների վավերացման գործընթացը:



























