Մոսկվայի քաղաքային դատարանում երեկ սկսվել է White Wolfs («Սպիտակ գայլեր») խմբավորման սափրագլուխների դատավարությունը։ 12 մեղադրյալների, որոնց թվում են նաեւ անչափահասներ, մեղսագրվում է 11 սպանություն ու մահափորձ, որոնք կատարվել են ազգամիջյան թշնամանքի հողի վրա Մոսկվայի հյուսիսում։ Դատավարությունն ընթանում է ԶԼՄ-ների համար փակ ռեժիմով։ Դա կապված է այն բանի հետ, որ որոշ մեղադրյալներ, այդ թվում White Wolfs խմբի ենթադրյալ առաջնորդ Ալեքսեյ Ջավախիշվիլին, մեղսագրվող հանցագործությունների կատարման պահին անչափահաս են եղել։

Դատախազը ներկայացրել է մեղադրականը։ Դրանից պարզ է դարձել, որ 2007 թվականի ապրիլի 20-ին Ադոլֆ Հիտլերի հերթական ծննդյան օրը, մեղադրյալները համախմբվել են կազմակերպված խմբավորման մեջ՝ «ոչ սլավոնական ազգերի սպանության» համար։ Բացի Ալեքսեյ Ջավախիշվիլիից, որը, չնայած այն բանին, որ նրա հայրը վրացի է, «իրեն դասում է ռուս (սլավոնական) ազգի ներկայացուցիչների շարքին», խմբավորման մեջ ընդգրկված էին Վիկտոր Պետրովը, Ալեքսանդր Գրիշկովը, Սերգեյ Դեմչենկոն, Ռիխարդ Սոբոլեւը, Սերգեյ Սալիշչեւը, Ալեքսանդր Սոլովյովը, Իվան Ստրելնիկովը, Ալեքսանդր Տալատինովը, Նիկոլայ Պամֆիլովը, Դմիտրի Պետրովն ու Դմիտրի Իսակինը։ Ավազակախմբի եւս 5 անդամների հետաքննությանը չի հաջողվել պարզել։

Հետաքննության տվյալների համաձայն, սափրագլուխների դաժանության մասին է վկայում այն փաստը, որ իրենց զոհերից նրանք հասցրել են մի քանի տասնյակ վերքեր։ Օրինակ՝ ուզբեկստանցի բանվոր Աշիրովի մահը, որին սափրագլուխները դարանակալել են Լենինգրադյան խճուղու թիվ 23 տան մոտ, վրա է հասել 79 վերքերից։ Բոլոր հանցագործությունները մեղադրյալները տեսագրել են բջջային հեռախոսների տեսախցիկների վրա, իսկ հոլովակները հետո տեղադրել են ինտերնետում։ Հետաքննության համաձայն, նկարահանվածը մեկնաբանել է մեղադրվող Ջավախիշվիլին։ Պետական մեղադրողին լսելուց հետո մեղադրյալները չեն ընդունել իրենց մեղքը։