Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Ուիլֆրեդ Մարթենսը Թուրքիայի եւ Հայաստանի նախագահներ Աբդուլլահ Գյուլի եւ Սերժ Սարգսյանի շփումներից հետո հույս ուներ, որ երկրները նոր փուլ կթեւակոխեն` հարաբերությունների բարելավման փուլ: Այդ մասին ԵԺԿ նախագահն ասել է այսօր` մայիսի 10-ին Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ համատեղ ասուլիսում:

«Շատ հիասթափված եմ, որ գործընթացն այսպես արգելափակվեց Թուրքիայի պատճառով: Ինչ վերաբերում է Թուրքիայի Եվրամիության անդամակցությանը հիշեցնեմ, որ Եվրամիության անդամակցության հիմնական նպատակներից մեկը ոչ միայն տնտեսական չափորոշիչներն են, այլեւ անձանց ազատ տեղաշարժը Եվրամիության ներսում: Դա ամենահիմնական չափորոշիչներից մեկն է Եվրամիության համար»,- ասել է եվրոպաշտոնյան:

Նա նկատել է, որ թեկնածու երկրի անդամակցությունն այս հիմնական չափորոշիչները բավարարելու պայմաններում է կատարվում: «Եւ նորմալ հարաբերությունների հաստատումը նաեւ  Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ, իհարկե, դա ավելի բարենպաստ ազդեցություն կունենար Թուրքիայի անդամակցության գործընթացում»,- ամփոփել է Ուիլֆրեդ Մարթենսը: