«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում տեղի է ունեցել ծայրահեղ անսպասելի եւ անբացատրելի անփութություն, որը շտկվել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նշված բ/կ-ի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը` մեկնաբանելով Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի կարգադրությանը, համաձայն որի աշխատանքից ազատվել են բ/կ-ի մի քանի բժիշկներ` իրենց պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար: Նրանք շփոթմունքի արդյունքում 8 տարեկան Գեւորգ Մովսիսյանի փոխարեն վիրահատել էին 4 տարեկան Նարեկ Դանիելյանին, մինչդեռ նա ընդամենը պետք է ենթարկվեր թոքերի ռենտգենի:
«Նարեկ Դանիելյանին անձամբ իմ կողմից երկուսուկես տարի առաջ թոքի ծանր վիրահատության էր ենթարկվել: Ծնողները նրան կրկին բերել էին` ռենտգեն անելու համար: Հիվանդանոցի ֆոյեում Նարեկն եւ իր ծնողները նստած են եղել, նրանց հետ է եղել մեկ այլ երեխա, որն էլ պետք է ենթարկվեր ամորձիների վիրահատության: Մանկաբուժության պարկտիկայում ընդունված է երեխային վիրահատության տանելիս ասել, թե տանում են նկարելու, որպեսզի երեխան հոգեկան տրավմա չտանի:
Այդ օրը բուժքույրը հարցրել է. «Ո՞ր երեխային պետք է տանենք նկարելու»: Նարեկի ծնողներն էլ, ովքեր բժշկի հետ կոնսուլտացիայից հետո երեխային պետք է տանեին ռենտգեն անելու, եւ շատ լավ գիտեին ռենտգենի կաբինետի տեղը, ասել են. «Մեր երեխային»: Նրանք բուժքրոջ ուղեկցությամբ գնացել են ոչ թե ռենտգեն կաբինետ, այլ`վիրահատարան: Նրանք երեխային հանձնել են բուժքրոջը, ով էլ երեխային նախապատրաստել է վիրահատության»,-պատմեց Դալլաքյանը: Նրա խոսքով` ծնողները մի քանի րոպե անց են հասկացել, որ երեխան սխալ սենյակ է տարվել եւ բարձրացված աղմուկից հետո դադարեցվել է նրա վիրահատությունը:
Բ/կ-ի տնօրենի խոսքով` բժիշկներն այդ ընթացքում հասցրել են ընդամենը երեք սանտիմետրանոց կտրվածք անել երեխայի աճուկային շրջանում, ինչից հետո ստիպված են եղել կարել բացվածքը: Նիկոլայ Դալլաքյանն ասաց, որ վիրահատության ժամանակ ինքը հիվանդանոցում չի եղել, մեկնել էր գործուղման, եւ իմանալով դեպքի մասին ընդհատել է գործուղումը, վերադարձել, հանդիպել է երեխայի ծնողների հետ եւ ողջ բուժանձնակազմի անունից ներողություն հայտնել:
«Այս սխալը մենք շատ ծանր ենք տանում, դա երկրաշարժի պես անսպասելի բան էր: Ես չէի ուզենա, որ հասարակության մոտ թյուր տպավորություն ստեղծվեր մեր բուժհիմնարկի վերաբերյալ»,-հայտարարեց Դալլաքյանը` հավաստիացնելով, որ տեղի ունեցածը միակ եւ բացառիկ դեպքն է եղել բ/կ-ի գործունեության պատմության մեջ:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, սույն դեպքից հետո Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի կարգադրությամբ «Սուրբ Աստվածամայր» բ/կ-ում աշխատանքից ազատվել են մի քանի բժիշկներ` իրենց պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար:
Աշխատանքից ազատվել են մանկական վիրաբուժական բաժանմունքի վիրաբույժ Ռ. Անտոնյանը, վիրահատարանի բաժանմունքի վարիչ անեսթեզիոլոգ Մ. Դալլաքյանը, վիրաբուժական բաժանմունքի բուժքույր Ե. Մաթեւոսյանը եւ վիրահատարանի բուժքույր անեսթեզիստ Վ. Հայրապետյանը:
Բ/կ-ի տնօրեն Ն. Դալլաքյանին հայտարարվել է խիստ նկատողություն եւ առաջարկվել է քննարկել հետագա պաշտոնավարման նպատակահարմարությունը:
Խիստ նկատողություն է հայտարարվել բուժգծով փոխտնօրեն Լ. Գրիգորյանին, մանկության գծով օգնական Ա.Հարությունյանին եւ մանկական վիրաբուժական բաժանմունքի վիրաբույժ Ա. Գեւորգյանին: Մանկական վիրաբուժական բաժանմունքի վարիչ Ա. Կարապետյանը եւ մանկական վիրաբուժական բաժանմունքի ավագ բուժքույր Ա. Հարությունյանը ազատվել են զբաղեցրած պաշտոնից` թողնելով աշխատելու Ա. Կարապետյանին որպես վիրաբույժ եւ Ա. Հարությունյանին որպես բուժքույր:





























