Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը «Ֆրանսպրես» գործակալության հետ հարցազրույցում հայտարարել է, որ պաշտոնական Երեւանը վճռական է Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատման գործընթացում առաջընթաց արձանագրելու հարցում: Նա պաշտոնական Անկարային կոչ է արել նույնպիսի քաղաքական կամք ցուցաբերել:

Հիշեցնենք, սակայն, որ Երեւանի այդ վճռականությանը կտրականապես դեմ են արտահայտվում Սփյուռքի հայ համայնքները, որոնք Սերժ Սարգսյանի այցելությունների ժամանակ բողոքի ցույցեր են կազմակերպում: Նման ցույցեր են արդեն եղել Փարիզում, Նյու Յորքում եւ Լոս Անջելեսում: Լոս Անջելեսում անգամ ուղղաթիռներ են օգտագործվել, որոնք պտտվել են այն շենքի շուրջը, որտեղ գտնվել է Սերժ Սարգսյանը: Ուղղաթիռների վրա ծածանվել են դրոշներ, որոնց վրա գրված է եղել. «Ոչ արձանագրություններին»: