Երեւանյան հիվանդանոցում սկանդալային միջադեպի կապակցությամբ նյութեր են նախապատրաստվում:

Ինչպես NEWS.am-ի թղթակցին հայտնել է Հայաստանի գլխավոր դատախազության հանրային կապերի վարչության պետ Շահեն Տոնոյանը, Երեւանի Շենգավիթ համայնքի դատախազ Գեւորգ Երեմյանի հրահանգով ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բժիշկների եւ ղեկավարության անփութության փաստով: Դատախազի հրահանգով քննվում են նաեւ մամուլի հրապարակումները:

Ինչպես արդեն նշել է NEWS.am-ը, մայիսի 3-ին բժիշկները 8 տարեկան Գեւորգ Մովսիսյանի փոխարեն փորձել են վիրահատել 4-ամյա Նարեկ Դանիելյանին, մինչդեռ նա ընդամենը պետք է ենթարկվեր թոքերի ռենտգենի: Երեխայի ծնողները մի քանի րոպե անց են հասկացել, որ երեխան սխալ սենյակ է տարվել եւ բարձրացված աղմուկից հետո դադարեցվել է նրա վիրահատությունը: Բ/կ-ի տնօրենի խոսքով` բժիշկներն այդ ընթացքում հասցրել են ընդամենը երեք սանտիմետրանոց կտրվածք անել երեխայի աճուկային շրջանում, ինչից հետո ստիպված են եղել կարել բացվածքը:

Այս դեպքից հետո Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի կարգադրությամբ «Սուրբ Աստվածամայր» բ/կ-ում աշխատանքից ազատվել են մի քանի  բժիշկներ` իրենց պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար: Աշխատանքից ազատվել են մանկական վիրաբուժական բաժանմունքի վիրաբույժ Ռ. Անտոնյանը, վիրահատարանի բաժանմունքի վարիչ անեսթեզիոլոգ Մ. Դալլաքյանը, վիրաբուժական բաժանմունքի բուժքույր Ե. Մաթեւոսյանը եւ վիրահատարանի բուժքույր անեսթեզիստ Վ. Հայրապետյանը:

Բ/կ-ի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանին հայտարարվել է խիստ նկատողություն եւ առաջարկվել է քննարկել հետագա պաշտոնավարման նպատակահարմարությունը:

Խիստ նկատողություն է հայտարարվել բուժգծով փոխտնօրեն Լ. Գրիգորյանին, մանկության գծով օգնական Ա.Հարությունյանին եւ մանկական վիրաբուժական բաժանմունքի վիրաբույժ Ա. Գեւորգյանին: Մանկական վիրաբուժական բաժանմունքի վարիչ Ա. Կարապետյանը եւ մանկական վիրաբուժական բաժանմունքի ավագ բուժքույր Ա. Հարությունյանը ազատվել են զբաղեցրած պաշտոնից` թողնելով աշխատելու Ա. Կարապետյանին որպես վիրաբույժ եւ Ա. Հարությունյանին որպես բուժքույր: