Երկաթուղային, ավտոմոբիլային, օդային եւ այլ հաղորդակցությունը պետական սահմանով իրականացնելու նպատակով Հայաստանը ճանաչում է պետական սահմանի անցման 12 կետեր։ Դրա վերաբերյալ որոշումը կընդունվի կառավարության մայիսի 12-ի նիստում։

Սահմանային կետերից 6-ը գտնվում են հայ-վրացական սահմանին։ Դրանք են (փակագծում տրվում է սահմանային կետի անվանումը սահմանակից պետությունում)՝ «Բավրա» («Նինոծմինդա»), «Գոգավան» («Գուգութի»), «Պրիվոլնոյե» («Ախքյորփի»), «Այրում» («Սադախլո»), «Ջիլիզա» («Օփրեթի»), «Բագրատաշեն» («Սադախլո»)։

Հայ-թուրքական սահմանի վրա առկա են 2 սահմանային կետեր, որոնք սակայն չեն գործում՝ «Մարգարա» («Ալիջան») եւ «Ախուրիկ» («Աքյաքա»)։

Մեկ սահմանային կետ գործում է հայ-իրանական սահմանի վրա՝ «Ագարակ» («Նորդուզ»)։

Բացի վերը նշվածներից՝  «Զվարթնոց», «Էրեբունի» եւ «Գյումրի» օդանավակայաններն ունեն իրենց սահմանային կետերը։