Այն, որ Հայաստանը մեծ քանակությամբ ավտոմեքենաներ է ներմուծել Վրաստանից՝ գաղտնիք չէ։ Պարզվում է, Վրաստանը ավտոմեքենաներ տարանցող երկիր է ոչ միայն Հայաստանի, այլեւ Ադրբեջանի ու Ղազախստանի համար։ Ինչպես տեղեկացնում է «Բիզնես Գռուզիան»՝ Վրաստանը 2011 թ. առաջին եռամսյակում ներմուծել է 82 մլն դոլարի, արտահանել՝ 95 մլն դոլարի ավտոմեքենաներ։ Տարբերությունը կազմում է վրացի գործարարների շահույթը։

Փորձագետների գնահատականներով, Վրաստանում ավտոմեքենաները գրեթե 2 անգամ էժան են, քան` Հայաստանում կամ Ադրբեջանում։ Սակայն Վրաստանը գրավիչ է հատկապես այն պատճառով, որ այնտեղ չափազանց էժան է մեքենայի մաքսազերծումն ու գրանցումը։ Այսպես. մեքենայի մաքսազերծումը Վրաստանում կազմում է արժեքի 5 տոկոսը, Ադրբեջանում՝ 25 տոկոսը, Հայաստանում՝ 32 տոկոսը։ Վրաստանում կարելի է մեքենան գրանցել ու համարանիշ ստանալ 15-20 րոպեում՝ վճարելով ընդամենը 40 դոլար։ Բացի այդ՝ վրացական կողմն ապահովում է վերաարտահանման համար բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը։

Հիշեցնենք, որ Հայաստանի կառավարությունն այս տարվա ապրիլի 1-ից արգելեց ժամանակավոր ներմուծման ռեժիմով մեքենաների ներմուծումը Հայաստան։ Սրա հետեւանքով ՀՀ քաղաքացիներն այլեւս չեն կարող Վրաստանում գնված մեքենաները Հայաստանում օգտագործել առանց Հայաստանի մաքսային սահմանի վրա մաքսազերծելու։ Իսկ սա իր հերթին բացասաբար է անդրադառնալու վրացալան ավտոբիզնեսի վրա։ Չի բացառվում, որ 2011 թ. երկրորդ եռամսյակում Վրաստանից ներմուծված մեքենաների քանակը կտրուկ կրճատվի։