«Արմենիա» հեռուստաընկերության աշխատակից մայիսի 9-ին վթարի ենթարկված Անահիտ Բաղդասարյանի վիճակը շարունակում է մնալ ծանր: Այս մասին այսօր` մայիսի 11-ին, NEWS.am-ին հայտնեցին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից: Նրանց խոսքով`Անահիտը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, ունի գանգուղեղային եւ ոսկրային կտրվածքներ, այսօր անջատել են արհեստական շնչառական ապարատները: Հիվանդանոցից չնշեցին, թե Անահիտ Բաղդասարյանի կյանքին վտանգ է սպառնում` ասելով, որ ոչ ոք ոչինչ չի կարող ասել:

Նշենք, որ մայիսի 9-ի առավոտյան «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն տեղափոխված «Արմենիա» հեռուստաընկերությամբ եթեր հեռարձակվող «Կյանքի գինը» հեռուստասերիալում Արամ Ռուբինյանի դերակատար Աշոտ Մաթեւոսյանը եւ «Արմենիա» հեռուստաընկերության աշխատակից Թամարա Աբաջյանը գտնվում են նեյրովիրաբուժական բաժանմունքում,նրանց վիճակը լավ է, բայց դեռ բժիշկները չեն կարող ասել, թե երբ դուրս կգրվեն:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանում մայիսի 9-ին ժամը 06:45-ի սահմաններում, Մյասնիկյան պողոտայում` «Բելաջիո» ռեստորանային համալիրից վերեւ, «Նիսսան» մակնիշի 20 ՏՍ 663 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, ըստ նախնական տեղեկությունների, չկարողանալով կառավարել ավտոմեքենան, բախվել էր մայթեզրի բետոնե արգելապատնեշին, ապա նաեւ` ծառին: Վթարի հետեւանքով 3 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Մեքենայում եղել են 26-ամյա Աշոտ Մաթեւոսյանը, ով «Արմենիա» հեռուստատեսությամբ հեռարձակվող «Կյանքի գինը» հեռուստասերիալում Արամ Ռուբինյանի դերակատարն է, մյուս երկու աղջիկները` 29-ամյա Թամարա Աբաջյանը եւ Անահիտ Բաղդասարյանը նույնպես «Արմենիա» հեռուստաընկերության աշխատակիցներ են:

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի