Մայիսի 11-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի գնդակից քաղաքացիական անձ է զոհվել:

ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ շփման գծի  հարավարեւելյան սահմանահատվածում տրակտորով աշխատելիս, հակառակորդի կողմից ժամը 18:05-ի սահմանում արձակված գնդակից գլխի շրջանում ստանալով հրազենային մահացու վիրավորում` Հադրութի քաղաքացիական հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին ժամը 19:20-ին մահացել է Հադրութի շրջանի Քյուրաթաղ գյուղի բնակիչ, 33-ամյա Արայիկ Նելսոնի Բալասանյանը:

Միջադեպի հետ կապված մանրամասները ճշտվում են:

Նշենք, որ ադրբեջանական բանակի առաջապահ ուժերը շփման գծի տարբեր ուղղություններում շարունակում են պարբերաբար խախտել հրադադարի պահպանման ռեժիմը: Միայն վերջին երկու օրերի ընթացքում հակառակորդը տարբեր տրամաչափի զինատեսակներից ՊԲ դիրքերը գնդակոծել է ավելի քան 400 անգամ: