Երեւանում այսօր` մայիսի 12-ին, ժամը 11-ի սահմաններում մահվան ելքով դժբախտ պատահար է տեղի ունեցել Թոխմախ թաղամասում գտնվող Գաջի գործարանում:

Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գործարանը պատկանում է «Հայրապետյան» ընկերությանը:

Գործարանի մոտ հավաքված անձինք հայտնել են, որ գործարանի ներսում տեղի է ունեցել վրաերթ, որն ավարտվել է մահվամբ: Գործարանի տարածքում «ԶԻԼ» մակնիշի կռունկը վրաերթի է ենթարկել 74-ամյա Ալբերտ Սահրադյանին: Վրաերթ կատարողը եղել է 65-ամյա Սարգիս Թադեւոսյանը:

Քիչ առաջ գործարան են այցելել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ-քննչական խումբը` Էրեբունի ոստիկանության պետի օպեր գծով տեղակալ Միհրան Քեշիշյանի գլխավորությամբ, հետաքննիչն ու փորձագետը: Արդեն դեպքի վայր է ժամանել ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Մանվել Մուրադյանը, ով դեպքի վայրում ղեկավարում է քննչական աշխատանքները:

Քննիչի հանձնարարականով դեպքի վայր են հրավիրել դիակ տեղափոխող ավտոմեքենան, որպեսզի դին տեղափոխվի դիահերձարան, ձեռնարկվում են քննչական միջոցառումներ` ճշտելու մահացածի ինքնությունը: Կռունկը տեղափոխվել է Երեւանի ՃՈ տուգանային հրապարակ:

Լուսանկարները` Գագիկ Շամշյանի