Հայաստանի առողջապահության համակարգը պատրաստ է հաղթահարելու կորոնավիրուսի համավարակի հետեւանքով առաջացած մարտահրավերները: Այս մասին հուլիսի 13-ին Ազգային ժողովի արտահերթ նիստում ասաց փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը:
Նա հիշեցրեց, որ ընթացիկ տարվա մարտին կորոնավիրուսով հիվանդների ստացիոնար բուժման համար հատկացվել է մոտ 2500 հիվանդանոցային մահճակալ, որից 300 մահճակալից ավելին՝ վերակենդանացման բաժանմունքներին: «Կորոնավիրուսով հիվանդացած պացիենտներին բժշկական օգնություն է ցուցաբերվում 19 բժշկական կենտրոններում, որից 7-ը տեղակայված են մարզերում, իսկ 12-ը՝ Երեւանում: Անցկացվել են նաեւ բժիշկների վերապատրաստման դասընթացներ, նրանք մասնակցել են տարբեր վեբինարների»,- հայտնեց Ավինյանը:
Փոխվարչապետը հայտնեց նաեւ, որ հայ բժիշկներին աջակցություն ցույց տալու համար մասնագետներ են ժամանել մի շարք երկրներից: Այսպես՝ հուլիսի 6-ի դրությամբ արտասհմանից Հայաստան են ժամանել 46 մասնագետներ Գերմանիայից, Ֆրանսիայից, Ռուսաստանից, Լիտվայից եւ Իտալիայից: Նրանք բժիշկներ են՝ անեսթեզիոլոգներ, ռեանիմատոլոգներ, վիրուսաբաններ, համաճարակաբաններ եւ բուժքույրեր:




























