1755 թվականին կառուցված շենքի վերակառուցման ժամանակ բանվորները հայտնաբերել են բազալտե սալերով հատակներ, որոնց վրա տեղակայված էին զանգվածեղ սյուներ: Մեքսիկայի Մարդաբանության եւ պատմության ազգային ինստիտուտից (INAH) հայտնել են, որ այդ սալերը ացտեկ տիրակալ Ակսայակատլի պալատի բաց տարածության հատվածն են, փոխանցում է Nat-geo-ն: 

Ացտեկների կայսրության անկումից հետո պալատն օգտագործվել է նաեւ որպես իսպանացի կոնկիստադոր Էռնան Կորտեսի տուն: Հնագետների խոսքով՝ Կորտեսի տունը կառուցելիս օգտագործվել են Ակսայակատլի պալատից բերված նյութեր, որը, ինչպես եւ ացտեկյան մյուս սրբազան շենքերը, ավերել են իսպանացի կոնկիստադորները:

«Կորտեսի տան տակ, ավելի քան 3 մետր խորությամբ հայտնաբերվել են բազալտե սալերի եւս մեկ հարկի մնացորդներ, բայց մինչիսպանական ժամանակների: Հաշվի առնելով դրա բնութագրերը՝ մասնագետները հանգել են այն եզրակացության, որ այն Ակսայակատլի նախկին պալատի բաց տարածության հատվածն է, հնարավոր է՝ հետնաբակում»,- հայտնել են INAH-ից:

Այն, որ այստեղ տեղակայված է եղել Ակսայակատլի պալատը, ցույց են տալիս գտնված արտեֆակտները, մասնավորապես՝ մինչիսպանական ժամանակաշրջանի 2 քարե քանդակներ: Դրանցից մեկը պատկերում էր Կեցալկոատլ փետուրավոր օձին:

Ակսայակատլը իշխել է 1469 եւ 1481 թվականների միջակայքում եւ Մոնթեսումայի հայրն էր, որը կայսրության վերջին տիրակալներից մեկն էր:

Ացտեկների կայսրության մայրաքաղաք Տենոչտիտլանի անկումը տեղի է ունեցել 1521 թվականին: Կորտեսը եւ նրա զորքը քաղաքը գրավել են 70-օրյա պաշարումից եւ արյունահեղ մարտերից հետո: Տենոչտիտլանի ավերակների վրա հիմնադրվել է Մեխիկոն: