Իջեւանի հիվանդանոցից այսօր` մայիսի 13-ի կեսգիշերին մոտ ոստիկանության Իջեւանի բաժին ահազանգ է ստացվել, որ ավտովթարից ստացված մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել երկու մարդ:

Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց մեկնած ոստիկանության Իջեւանի բաժնի օպերատիվ քննչական խումբը պարզել է, որ հիվանդանոց տեղափոխվածներն են 11-րդ դասարանի աշակերտ 17-ամյա Սեւակ Ալավերդյանը եւ 29-ամյա Հայկ Պապյանը:

Պարզվել է, որ Սեւակ Ալավերդյանը վարելով Գագիկ Սարուխանյանին պատկանող «ՎԱԶ 21213» մակնիշի 04 ՏՏ 008 համարանիշի ավտոմեքենան, Իջեւան-Բերդ ավտոճանապարհի 19-րդ կիլոմետրում դուրս է եկել հանդիպակած ուղեմաս եւ բախվել հանդիպակած ընթացող 32-ամյա Հայաստանի ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող Մհեր Երեմյանի վարած «ԿԱՄԱԶ-4310» մակնիշի ՊՆ 2626 Տ համարանիշի բեռնատար ավտոմեքենային:

Վթարի հետեւանքով, Սեւակ Ալավերդյանն ու Հայկ Պապյանը մարմնական վնասվածքներ են ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց: Ավելի ուշ, գիշերը Սեւակ Ալավերդյանը մահացել է:

Ոստիկանության Տավուշի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: