Կառավարության կողմից 2010 թ. իրականացված ծրագրերի ամենազգալի հաջողությունն այն է, որ հակաճգնաժամային քայլերը սկսել են դրական արդյունքներ տալ: Այսօր` մայիսի 13-ին Ազգային Ժողովում նման հայտարարություն արեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը` ելույթ ունենալով 2010 թ. պետական բյուջեի կատարմանը նվիրված բյուջետային քննարկումների ժամանակ:

Վարչապետի խոսքով` 2010 թ. զարգացվել են ենթակառուցվածքները, տեղի է ունեցել կապիտալ ներդրումների աճ, բարելավվել է բիզնես միջավայրը:

Մասնավորապես` ՀՆԱ-ն ծրագրավորված 1.2 տոկոսի փոխարեն աճել է 2.1 տոկոսով: Ընդ որում` ՀՆԱ կառուցվածքում տեղի է ունեցել որակական դրական տեղաշարժ` բարձրացել է արդյունաբերության տեսակարար կշիռը (արդյունաբերության աճը 2010 թ. կազմել է 10.5 տոկոս):

Կառավարության քայլերի շնորհիվ նվազել է պետական բյուջեի դեֆիցիտը: Եթե 2009 թ. դեֆիցիտը ՀՆԱ-ի 7.6 տոկոսն էր, ապա 2010 թ. այն իջել է մինչեւ 5 տոկոս: Այսինքն`  կառավարությունը կարողացել է պետական ծախսերը առավելապես ֆինանսավորել ոչ թե պարտքերի, այլ սեփական եկամուտների հաշվին: Դրան նպաստել է այն հանգամանքը, որ բյուջետային եկամուտներն 2010 թ. նախորդ տարվա համեմատ աճել են 13 տոկոսով ե կազմել 780 մլրդ դրամ: