Ադրբեջանը վերջին շրջանում առավել հաճախ է խախտում հրադադարի ռեժիմը, ինչը պայմանավորված է հակամարտության կարգավորման վերաբերյալ բանակցությունների ընթացքից նրա դժգոհությամբ։ Մայիսի 13-ին տեղ ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը։
Նրա խոսքով, ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից արժանի արձագանք չեն գտնում, ինչի պատճառով հակառակորդը շարունակում է իր սադրիչ գործողությունները։ «Միջազգային համայնքը վճռականորեն չի պատասխանում Ադրբեջանի այս քայլերին, այլ ձեւական հավասարություն է դնում հակամարտող կողմերի միջեւ, ինչը նշանակում է՝ Ադրբեջանին ասել, որ մեղավոր է նաեւ հայկական կողմը։ Այս թույլ մոտեցումը քաջալերում է Ադրբեջանին, որն էլ շարունակում է իր քաղաքականությունը»,- ասաց ՀՅԴ գործիչը։
Ամփոփելով՝ Մանոյանը նկատեց, որ եթե գա վճռորոշ պահը եւ սկսվեն խաղաղության մեծ փաստաթղթի պատրաստությունները, Ադրբեջանը ստիպված կլինի հայտարարել, որ Լեռնային Ղարաբաղը համաձայն է տեսնել իր կազմից դուրս, մի բան, որ մինչեւ այժմ չի արել։
Նշենք, որ ընթացիկ տարվա 4 ամիսների ըթնացքում Ադրբեջանը 3500 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը:
Հիշեցնենք նաեւ, որ մայիսի 11-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի գնդակից քաղաքացիական անձ էր զոհվել:



























