Ծանրամարտի աշխարհի չեմպիոնուհի Նազիկ Ավդալյանին այսօր` մայիսի 13-ին դուրս են գրել հիվանդանոցից: Այս մասին այսօր` մայիսի 13-ին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը: Նրա խոսքով` չեմպիոնուհու ինքնազգացողությունը լավ է, նա քայլելով է գնացել տուն:
Ինչպես ավելի վաղ գրել էր NEWS.am-ը, Նազիկ Ավդալյանին վիրահատել են` կատարելով ողնաշարի ֆիքսացիա: Հիշեցնենք, որ չեմպիոնուհին ապրիլի 26-ին Գյումրի-Վանաձոր ճանապարհին՝ Ջաջուռ գյուղի մոտակայքում, վթարի էր ենթարկվել եւ ավտովթարի հետեւանքով ստացած վնասվածքներով՝ ողնաշարի սալջարդով, ողնուղեղային շոկով, 12։30-ի սահմաններում տեղափոխվել Գյումրիի Գյուլբենկյանի անվան հիվանդանոց: Հաջորդ օրը երեկոյան նրան տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք Վերակենդանացման բաժանմունքի վարիչ Հարություն Մանգոյանը հայտնել էր, որ Ավդալյանի վիճակը կայուն ծանր է, զարկերակն ու շնչառությունը` նորմալ: Մարզուհուն ընդունել են կրծքավանդակի եւ ողնաշարի համակցված վնասվածք ախտորոշմամբ: Նազիկ Ավդալյանը վթարի էր ենթարկվել նաեւ հունվարի 3-ին՝ Արթիկ քաղաքում։ Նա այդ օրը իր անձնական օգտագործման Mercedes E 320 մակնիշի 69 DD 999 համարանիշի ավտոմեքենայով բախվել էր Արթիկ քաղաքի Սասունցի Դավթի փողոցի 53 տան դիմաց գտնվող զորամասի պատին:Այդ ժամանակ մարզուհին լուրջ վնասվածքներ չէր ստացել, պարզապես մեքենան էր վնասվել:




























