«Ցանկացած կուսակցություն ինքն է որոշում, թե այս կամ այն հարցով ում հետ համագործակցի»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ պատասխանելով այն հարցին, թե հնարավո՞ր է համարում ընդդիմության նոր միավորումների ստեղծումը։

Նշելով, որ ինքն, ի սկզբանե, հոռետեսորեն է վերաբերում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում տարբեր կուսակցությունների միավորման փաստին, հաշվի առնելով այն հանգամանքը, որ դրանցից յուրաքանչյուրը գաղափարական լուրջ տարաձայնություններ ունի մյուսների հետ, ԱԺ պատգմավորն, այնուամենայնիվ, ասաց. «Համենայն դեպս, թող փորձեն, որեւէ մեկն իրենց չի խանգարում, բայց ես որեւէ հեռանկար այդ գործընթացում չեմ տեսնում»:

Հարցին, թե ինչո՞վ կբացատրի Հայ ազգային կոնգրեսի պասիվությունը, Նաիրա Զոհրաբյանը նկատեց, որ թեպետ ինքն այդքան էլ ուշադիր չի հետեւում նրանց գործունեությանը, այնուամենայնիվ նրանք այդքան էլ պասիվ չեն, ավելին, ՀԱԿ-ի տարբեր գործիչներ անհրաժեշտ պահին հանդես են գալիս անհրաժեշտ հայտարարություններով։ Նրա համոզմամբ, «մարդիկ միշտ էլ ակնկալիքներ ունենում են, բայց ոչ ոք իրավունք չունի որեւէ քաղաքական ուժի դրդել ինչ-որ քայլերի, եթե անգամ այդ քայլերը տեղավորվում են քաղաքական ուժի շահերի շրջանակներում»,- եզրափակեց նա։