ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ծանր վիճակում է՝ կապված երկընտրանքի հետ, թե պե՞տք է արդյոք ինքը դառնա առաջիններից մեկը, ով կպատվաստվի նոր կորոնավիրուսի դեմ:
«Դե, գիտեք, թե դա ինչպես է գործում: Եթե ես առաջինը լինեմ, նրանք կասեն՝ նա եսասեր է, մյուսները դա շատ համարձակ քայլ կհամարեն»,- նշել է նա Fox News-ի հետ հարցազրույցում: Նրա խոսքով՝ եթե ինքը որոշի չլինել առաջինների թվում, այդ դեպքում կարող են մտածել, որ չի հավատում պատվաստանյութի արդյունավետությանը: «Ես պատրաստ եմ լինել ե՛ւ առաջինը, ե՛ւ վերջինը»,- ասել է Թրամփը:
Pfizer դեղագործական ընկերությունը եւ BioNTech բիոտեխնոլոգիական ֆիրման ավելի վաղ հայտարարել էին, որ ԱՄՆ կառավարությունը իրենց 1,95 մլրդ դոլար է հատկացրել COVID-19-ի դեմ պատվաստանյութի 100 մլն դեղաչափի համար: Լրացուցիչ 500 մլն դեղաչափի պատվեր կարող են ստանալ Առողջապահության նախարարության եւ սոցիալական ծառայությունների կողմից, եթե պատվաստանյութը լինի անվտանգ եւ արդյունավետ:
Երկու ընկերությունները համատեղ մշակում են 4 պոտենցիալ պատվաստանյութեր, որոնցից մեկի փորձարկումները 30 հազար մասնակիցների վրա կսկսվեն ընթացիկ ամսվա՝ հուլիսի վերջին:





























