Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի դեմ Սփյուռքում կազմակերպված բողոքի ակցիաներն անկեղծ չեն։ Հոկտեմբերի 6-ին լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց Հայաստանի հանրապետական կուսակցության խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանը։ Պատգամավորը ակցիաներն անկեղծ չի համարում, որովհետեւ կարծում է, թե սփյուռքահայերից շատ շատերը տեղյակ չեն արձանագրություններին կամ էլ խեղաթյուրված տարբերակով գիտեն դրանց բովանդակությունը եւ, պատշաճ տեղեկություններ չունենալով՝ բողոքի ակցիաներ են իրականացրել։ Ավելին, ըստ Ավագյանի, սփյուռքն ամբողջությամբ դեմ չէ հայ-թուրքական արձանագրություններին: «Կան հազարավոր մարդիկ, որ կողմ են»,- ասաց Ավագյանը:
Հանդիպմանը ներկա «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը անթույլատրելի է համարում սփյուռքահայերին մեղադրել այս խնդիրը զգացմունքայնորեն կամ ոչ պատշաճ հասկանալու համար։
«Ո՛չ, բացարձակապես որեւէ էմոցիա չկա, մարդիկ հրաշալի ձեւով հասկանում են, որ Հայաստանի ձեռքերով ուղղակի փորձում են անվավեր ճանաչել Վուդրո Վիլսոնի՝ 1920 թվականին իրավարար վճիռով սահմանված Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանները»,- նշեց Սաֆարյանը:
Ստեփան Սաֆարյանը նաեւ ասաց, որ իրեն ամեն օր հազարավոր էլեկտրոնային նամակներ են գալիս սփյուռքահայերից՝ խնդրանքով թուլ չտալ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված արձանագրությունների ստորագրումը։




























