Ադրբեջանական քաղաքական գործիչները, հասարակական կազմակերպությունները, ինչպես նաեւ մտավորականները Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին կոչ են անում ադրբեջաներենը տարածաշրջանային լեզու հայտարարել, գրում է վրացական «Պիրվելի» լրատվական գործակալությունը:
Նրանք առաջարկում են ադրբեջանցիներով բնակեցված գյուղերին տալ նախկին ադրբեջանական անունները։
Սահակաշվիլիին ուղղված տեքստը քննարկվել է Բաքվում, միջազգային մեդիա կենտրոնում անցկացրած «Վրաստանում բնակվող ադրբեջանցիների իրավիճակը` այսօր եւ վաղը» ֆորումի ժամանակ, որին մասնակել է 250 հոգի:
«Ադրբեջանական լեզվին տարածաշրջանային կարգավիճակ տալն այն տարածքներում, որոնք խիտ բնակեցված են ադրբեջանցիներով, կօգնի ադրբեջանցիների կրթական խնդիրներին։ Դա հնարավորություն կտա Վրաստանի Քվեմո Քարթլիի տարածաշրջանում, որտեղ ըստ վիճակագրական տվյալների, բնակչության 50 տոկոսն ադրբեջանցի են, յուրաքանչյուր գրավոր փաստաթուղթ, ներառյալ դատական փաստաթղթերը, լրացնել ադրբեջաներենով»,-նշված է Սահակաշվիլիին ուղղված տեքստում:
Նշենք որ Վրաստանի նախագահին ուղղված նամակում անդրադարձ է կատարվել նաեւ կրթությանը, աշխատանքի տեղավորմանը, պատմական հուշարձանների պահպանության հարցերին:





























