Դյուսելդորֆում այսօր` մայիսի 14-ին կկայանա «Եվրատեսիլ-2011»-ի եզրափակիչ փուլը: Հաղթանակի համար կպայքարեն 25 երկրների ներկայացուցիչներ:
Dusseldorf Arena-ի բեմում եզրափակիչը կբացի մրցույթի անցած տարվա հաղթող Լենա Մայեր-Լանդրուտը: Լենայի համարի վերջում բեմ են դուրս գալիս աղջիկներ` «Եվրատեսիլ-2011»-ի մասնակից բոլոր 43 երկրների դրոշներով, հաղորդում է Segodnya.ua-ն:
Բուքմեյքերների կանխատեսումներով` այս տարի հաղթանակի մեծ հնարավորություն ունի ֆրանսիացի Ամորի Վասիլին` իր կորսիկերեն Sognu («Երազ») երգով: 21-ամյա տենորը շատ հայտնի է իր հայրենիքում եւ նրա երկու ալբոմները սպառվել են քառորդ միլիոն օրինակով:
Ելույթների հաջորդականությունն այսպիսին է. Ֆինլանդիա - 1, Բոսնիա Հերցեգովինա -2, Դանիա-3, Լիտվա-4, Հունգարիա-5, Իռլանդիա - 6, Շվեյցարիա -7, Էստոնիա-8, Հունաստան-9, Ռուսաստան-10, Ֆրանսիա-11, Իտալիա-12, Շվեդիա-13, Մեծ Բրիտանիա-14, Մոլդովա-15, Գերմանիա-16, Ռումինիա-17, Ավստրիա-18, Ադրբեջան-19, Սլովենիա-20, Իսլանդիա-21, Իսպանիա-22, Ուկրաինա-23, Սերբիա-24, Վրաստան-25:
Հիշեցնենք, որ մայիսի 10-ին կայացած առաջին կիսաեզրափակիչ փուլում Հայաստանը ներկայացնող երգչուհի Էմմին եզրափակիչ դուրս չեկավ:
Ավանդաբար, այսօր երեկոյան Երեւանի կենտրոնում կանցկացվի հայկական էստրադայի աստղերի մասնակցությամբ համերգ, տեղադրված մեծ էկրանների միջոցով հանդիսատեսը հնարավորություն կունենա հետեւելու նաեւ մրցույթին:




























