Հայաստանի ռամկավար ազատական կուսակցության (ՀՌԱԿ) ղեկավար Հարություն Առաքելյանն այսօր 11 կուսակցությունների կողմից հայ-թուրքական արձանագրությունների դեմ տարածած հայտարարությունից հետո իր խոսքում նշեց, որ աշխարհի տարբեր ծագերում գտնվող ՀՌԱԿ-ի բոլոր 18 կառույցներն էլ դեմ են այդ արձանագրություններին, իսկ եւս մեկ «Արմենական ՌԱԿ» անվանումով հանդես եկող «բաշիբոզուկները» ավանդական կուսակցության հետ կապ չունեն:
Այնուհետեւ անդրադառնալով արձանագրություններին՝ նա ասաց. «Մեզ պարզ ասվեց, որ որեւէ մեկն այս գործընթացի դեմը չի կարող առնել եւ որեւէ տառ չենք կարող փոխել: Այսինքն սա ոչ թե նախաստորագրված այլ արդեն ստորագրված փաստաթուղթ է: Սակայն, ես ուզում եմ լավատես լինել եւ հավատալ, որ միգուցե երկրի ղեկավարները դա չստորագրեն»:
«Այն կեղծ տեսակետը, թե կարծիքներն այս հարցում կիսվել են 50-50-ի, իրականությանը չի համապատասխանում: Կարելի է խոսել 1 տոկոս կողմի եւ 99 տոկոս դեմի մասին, որովհետեւ այս շտապողականությունը ծնում է կասկած եւ մենք չենք վստահում իշխանություններին: Նրանք այսօր ամպագորգոռ հայտարարում են, թե մենք պատասխանատվություն կկրենք մեր արածների համար: Հարց է առաջանում, եթե վաղը սրա արդյունքում փորձանքը կախվեց մեր գլխին, որը սերունդներով չենք կարողանալու ուղղել, ո՞ւմ է պետք ձեր պատասխանատվությունը: Ինքնասպա՞ն եք լինելու»,- նշեց ՀՌԱԿ ղեկավարը:




























