Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շատ բավարարված է Փարիզում, Նյու Յորքում եւ Լոս Անջելեսում կայացած հանդիպումներից: Այդ մասին Լոս Անջելեսում հայտարարել է նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիգեն Սարգսյանը: «Երեք հանդիպումներում էլ մի բան էր ընդհանրական` ակնհայտ դարձավ, որ մենք ունենք հսկայական ներուժ, որը կարող է նման հարցերում մասնագիտական, խորհրդատվական աջակցություն լինել Հայաստանի համար լուրջ որոշումների կայացման եւ դրանց իրականացման տեսակետից»,- նշել է Վիգեն Սարգսյանը եւ հավելել. «Նախագահի համահայկական ուղեւորությունը նոր ձեւաչափ է առաջարկում սփյուռքի հետ քննարկումների համազգային նշանակություն ունեցող հարցերի շուրջ: Իհարկե, կային ընդհանրական մտավախություններ, մտահոգություններ, եւ դրանցից մեկը այն էր, թե արդյո՞ք այս ուղեւորությունն ուշացած չէ, եթե արձանագրությունները նախաստորագրված են: Կարծում եմ, որ այս ուղեւորությունը շատ կարեւոր է գործընթացի առումով, որովհետեւ նման արձանագրությունների բանակցումը, ստորագրումը, վավերացումը եւ իրականացումը երկար գործընթաց է, եւ յուրաքանչյուր փուլում կարող են լինել տարբեր սցենարներ, զարգացման տարբեր ուղիներ, եւ այս քննարկումները շատ օգտակար էին այդ տեսակետից»:

Անդրադառնալով նախագահի այցին Փարիզ եւ, մասնավորապես, Կոմիտասի հուշարձան այցին ու այնտեղ հավաքված ցուցարարներին` Վիգեն Սարգսյանն ասել է. «Նախագահը ցավ ապրեց, որովհետեւ համահայկական ուղեւորության մեկնարկը Կոմիտասի արձան այցից` խորը ազդակ էր եւ խորին իմաստ պարունակող մի միտք էր, որի գաղափարական հենքն այն էր, որ այս գործընթացում եւս Ցեղասպանության ճանաչումը, Ցեղասպանության զոհերի հարգումը առաջնային նշանակություն ունի Հայաստանի համար: Այն մարդիկ, որոնք շրջապատել էին արձանը եւ փորձում էին չթողնել դա, կարծես թե, գաղափարական հակասության մեջ էին հենց իրենց իսկ մոտեցման հետ: Իրենք ասում էին, որ Ցեղասպանությունը չպետք է մոռացվի, բայց միեւնույն ժամանակ փորձում էին խանգարել այդ կարեւոր ազդակը հասցնել ողջ աշխարհին: Նախագահը այցելել է հուշարձան, դրել է ծաղկեպսակը, բայց որեւէ հայ մարդ չէր կարող բավարարություն զգալ նրանից, որ հայ մարդիկ եւ ոստիկանները բախման մեջ էին, դա ցավալի երեւույթ էր»:

Վիգեն Սարգսյանը նաեւ հավելել է, որ արձանագրությունները նախատեսում են մեծ գործընթաց: «Այս փուլում խոսքը չի գնում դրանց փոփոխության մասին, խոսքը գնում է դրանց ստորագրման, վավերացման եւ իրականացման փուլում հնարավոր զարգացման սցենարների մասին, ինչի առումով այս քննարկումները շատ կարեւոր են»,- նշել է Նախագահի աշխատակազմի պաշտոնյան:

Վիգեն Սարգսյանը հավելել է նաեւ, որ համահայկական ուղեւորության հաջորդ կայանատեղին Բեյրութն է, որտեղ կկայանա հանդիպում Մերձավոր Արեւելքի հայկական համայնքների ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը հրավիրված են Լիբանանի, Սիրիայի, Իրանի, Եգիպտոսի, Ծոցի երկրների հայկական կառույցների ներկայացուցիչներ եւ համայնքային ներկայացուցիչներ: Բեյրութում նախագահն ընդամենը մեկ օր է անցկացնելու, որտեղից մեկնելու է Դոնի Ռոստով: