Հունաստանի իշխանությունները հայտարարել են, որ Թուրքիան կրճատել է ռազմանավերի քանակը Միջերկրական ծովի արեւելյան շրջանում, որտեղ Անկան վիճարկում է Հունաստանի իրավասությունը նավթի եւ գազի հորատման իրավունքների նկատմամբ, փոխանցում է AP-ն:

Լարվածությունը սրվել էր անցած շաբաթ, երբ Թուրքիան հայտարարեց, որ նախատեսում է հետախուզական նավ ուղարկել հունական Ռոդես, Կարպաթոս եւ Կաստելորիզո կղզիներից հարավ:

Այդ նախաձեռնությունը հրապարակայնորեն քննադատության էր արժանացել Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի եւ եվրոպական այլ երկրների կողմից, եւ թուրքական հետազոտական ​​Oruc Reis շարունակում էր կանգնած մնալ Անթալիայի հարավ-արեւելյան նավահանգստում։

Երկուշաբթի Հունաստանի կառավարության ներկայացուցիչ Ստելիոս Պետսասը հայտարարել է, որ Թուրքիան դուրս է բերում իր ռազմանավերն այդ տարածքից՝ հավելելով, որ Աթենքը պատրաստ է  բանակցություններ վարել Թուրքիայի հետ «միջազգային իրավունքի եւ բարիդրացիական հարաբերությունների շրջանակներում»: