Բենզինի շուկայում արձանագրված թանկացումների պատճառն այն է, որ Հայաստանում այդ վառելիքի մատակարարմամբ  զբաղվող ընկերությունները ցանկանում են գերշահույթներ ստանալ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայ ազգային կոնգրեսի անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանն` անդրադառնալով բենզինի վերջին օրերի թանկացումներին:

«Բենզինի առեւտրով զբաղվող մարդիկ չեն ուզում իրենց գերշահույթներից հրաժարվել, ուզում են, որ ժողովուրդը վատ ապրի, իրենք` ճոխ: Այդ պատճառով էլ կամայականորեն բարձրացնում են գները»,-ասաց նա:

«Բենզինի գինը շուկայի թելադրողները բարձրացնում են, ինչի հետեւանքով այդ վառելիքի սպառումը նվազում է: Ու քանի որ դրա հետեւանքով տեղի է ունենում եկամուտների նվազում, բենզինի ներկրմամբ զբաղվողները կրկին գին են բարձրացնում: Եթե փորձենք այս ամենին նորմալ տնտեսագիտական բացատրություն տալ, չենք կարող»,-նշեց Խաչատրյանը: Նրա խոսքով` նավթի միջազգային շուկայում գների անկում է տեղի ունենում, սակայն այդ անկմանը զուգահեռ Հայաստանում բենզինի գները ոչ միայն չեն նվազում, այլ բարձրանում են: 

«Ցանկացած ապրանքատեսակի պարագայում, երբ դրա ներկրումը մենաշնորհային է կամ  մեկ-երկու հոգու կողմից է իրականացվում, գործում է այս օրենքը: Պայմանավորվելով միմյանց եւ իրենց սպասարկող «տանիքների» հետ, մատակարարները գնային  խաղեր են տալիս»,-նկատեց ՀԱԿ ներկայացուցիչը:

Նրա խոսքով` բենզինի մատակարարմամբ զբաղվողները բենզինի թանկացման պատճառները ենթադրաբար կարող են կապել նաեւ այս ընթացքում դրամի արժեզրկման հետ: Ըստ Խաչատրյանի` Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը որեւէ բան չի կարող անել բենզինի գների թանկացումը կանխելու ուղղությամբ: «Այդ Հանձնաժողովը չի ստեղծվել, որ ծառայի իր առաքելությանը, այլ, որպեսզի տուգանի նրանց, ում հարկավոր է: Եթե նկատի ունենանք այն հանգամանքը, թե ովքեր են բենզինի մատակարարմամբ զբաղվում եւ ինչ հարաբերությունների մեջ են իշխանությունների հետ, ապա կարելի է ենթադրել, որ նրանց նկատմամբ ոչ մի վարույթ էլ չի հարուցվի»,-հայտարարեց Խաչատրյանը:

Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն էլ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում բենզինի թանկացման որպես առաջին պատճառ նշեց թանկ գնով ներկրված բենզինի մեծ խմբաքանակը: «Թանկ գնով ձեռք բերվածը պետք է սպառվի, որպեսզի նոր միայն ավելի ցածր գնով ձեռք բերվածը վաճառվի ցածր գնով: Բայց ես նաեւ չեմ բացառում, որ, ինչպես այլ ապրանքների ոլորտում, բենզինի դեպքում եւս լինի փոխպայմանավորվածություն`գների բարձրացման ուղղությամբ»,-հայտարարեց Մանասերյանը:     

Նշենք, որ ներկայումս ՀՀ-ում ավտոմեքենաների ավելի քան 70 տոկոսը գազով է աշխատում, ինչի հետեւանքով բենզինը դարձել է միջինից բարձր եկամուտ ունեցող խավի վառելիքը: «Ռեգուլյար» տեսակի բենզինի 1 լիտրն արդեն արժե 460 դրամ` նախկին 450 դրամի փոխարեն, իսկ «Պրեմիում» տեսակի բենզինի գները հասել են 480 դրամի: