Ուկրաինայի նախագահին առընթեր բարեփոխումների ազգային խորհրդի գործադիր կոմիտեի ղեկավար Միխայիլ Սաակաշվիլին առաջարկում է համաուկրաինական հանրաքվեին ներկայացնել Ուկրաինայի Սահմանադրական դատարանի լուծարման եւ Գերագույն դատարանում Սահմանադրական պալատի ստեղծման հարցը: Նա այս մասին հայտարարել է Ուկրաինայի դատական համակարգում առաջարկվող փոփոխությունների՝ տեսակոնֆերանսի ձեւաչափով ներկայացման ժամանակ, հայտնում է «Ուկրաինա 112» հեռուստաալիքը:
«Սահմանադրական դատարանն իր ներկայիս ձեւով ընդհանրապես պետք չէ: Մենք առաջարկում ենք հանրաքվեի ներկայացնել Ուկրաինայի Սահմանադրական դատարանը լուծարելու եւ Գերագույն դատարանում Սահմանադրական պալատ ստեղծելու հարցը»,- ասել է նա:
Սաակաշվիլին վստահ է, որ ուկրաինացիները պատրաստ են աջակցել վճռական փոփոխություններին դատական համակարգում:
Ներկայումս Ուկրաինայի Սահմանադրական դատարանը սահմանադրական իրավասության մարմին է, որն ապահովում է Ուկրաինայի Սահմանադրության գերակայությունը, որոշում է Ուկրաինայի Սահմանադրության համապատասխանությունն Ուկրաինայի օրենքներին եւ իրականացնում է Ուկրաինայի Սահմանադրության պաշտոնական մեկնաբանությունը:
Իսկ Գերագույն դատարանը բաղկացած է Գերագույն դատարանի Մեծ պալատից, Վճռաբեկ վարչական դատարանից, Վճռաբեկ քաղաքացիական դատարանից, Վճռաբեկ քրեական դատարանից եւ Վճռաբեկ տնտեսական դատարանից:
Նշենք, որ Սաակաշվիլին նաեւ առաջարկում է լուծարել Արդարադատության բարձր խորհուրդը, Ուկրաինայի դատավորների որակավորման բարձրագույն հանձնաժողովը, դատական պետական վարչությունը եւ փոխարենը դատական վերահսկողության միասնական մարմին ստեղծել: Բացի այդ, առաջարկվում է լուծարել վարչական, տնտեսական դատարանների համակարգը եւ ստեղծել Արդարադատության շրջանային կենտրոն: Ընդհանուր առմամբ, դատարանների թիվը կկրճատվի 764-ից 200, եւ կստեղծվեն Գերագույն վարչական դատարանը, Գերագույն հակակոռուպցիոն դատարանը եւ Մտավոր սեփականության հարցերով գերագույն դատարանը:
Առաջարկվում է նաեւ գործարկել «Դատարանները՝ սմարթֆոնում» համակարգը, որը կունենա հետեւյալ գործառույթները՝ գործերի ավտոմատ բաշխում, առցանց հայցադիմում ներկայացնելու հնարավորություն, վճարել դատական վճարը, ապացույցներ փոխանցել դատարան, հետեւել գործի ընթացքին, ստանալ որոշումների պատճենները:




























