«Այն բանից հետո, երբ մենք ունեցանք կեղծված ընտրություններ ու „մարտի 1“, սպասելի էր, որ իշխանությունները պետք է գնան զիջումների»,- այսօր հայ-թուրքական արձանագրությունների դեմ 11 կուսակցությունների համատեղ հայտարարությունից հետո նշեց «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը: Նշենք, որ «Ժառանգությունը» այդ կուսակցությունների շարքում է:
«Չունենալով ներքին լեգիտիմության առավելությունը, իշխանությունները փորձելու էին այդ պակասը լրացնել արտաքին լեգիտիմության հաշվին: Կարողանալո՞ւ էին իշխանությունները ճնշումներին դիմակայել; Ոչ, չեն կարող, եւ դրա մասին հայտարարել են՝ ի դեմս նախաստորագրված արձանագրությունների»,- ասաց Ա. Մարտիրոսյանն ու հավելեց. «Ժառանգությունը» կարծում է, որ սա այն պահն է, որ բոլորս, անկախ մեր քաղաքական համոզմունքներից, պետք է միասնական պայքարենք այս արձանագրությունների դեմ. Լինի դա փոփոխությունների տեսքով, լինի դա ընդհանրապես չստորագրելն ու չվավերացնելը: Ես կարծում եմ, որ սա այն խնդիրն է, որ ոչ միայն իշխանության փոփոխության խնդիր է, այլ նաեւ հայերի լինելիության խնդիրն է":
Նա նաեւ կարծիք հայտնեց, որ «իշխանությունները, որոնք կստորագրեն նմանատիպ փաստաթուղթ, դրանով իրենք հրաժարվում են եւ իրենց պաշտոնից, եւ Սահմանադրությունից, եւ հայրենիքից»: Հարցին, թե արդյո՞ք «Ժառանգությունը» չի պատրաստվում պահանջել Սերժ Սարգսյանի հրաժարականը, ով, ըստ նրա, պատրաստ է ստորագրել ոչ շահեկան արձանագրությունները, «Ժառանգության» ղեկավարը պատասխանեց. «Եթե ստորագրի, նա ավտոմատ հրաժարվում է պաշտոնից ու հայրենիքից»: Այսինքն եթե անգամ նախագահը ստորագրի այդ արձանագրությունները, «Ժառանգությունն» անգամ այդ ժամանակ հրաժարական չի՞ պահանջելու, հարցին էլ արձագանքեց. «Դա մենք արդեն առարկայական պետք է դարձնենք այդ խնդիրը»:




























