Բելառուսի իրավապահ մարմինների աշխատակիցները Մինսկում 32 ռուսաստանցու են ձերբակալել: Նրանք բոլորը ռուսական «Վագների խումբ» մասնավոր ռազմական կազմակերպության անդամներ են, հաղորդում է «Բելթա»-ն:  

Իրավապահ մարմինները հայտնել են, որ տեղեկություններ են ստացվել նախընտրական քարոզարշավի ընթացքում իրավիճակն ապակայունացնելու համար ավելի քան 200 զինյալի` Բելառուս ժամանելու մասին: Ռուսաստանցիներից յուրաքանչյուրն ունեցել է ձեռքի ուղեբեռ, նրանց մոտ եղել է նաեւ 3 ծանր ճամպրուկ:

Հուլիսի 24-ի լույս 25-ի գիշերը խումբը տեղավորվել է Մինսկի հյուրանոցներից մեկում, որտեղից պետք է դուրս գար հուլիսի 25-ին, սակայն լքել է հյուրանոցը հուլիսի 27-ին եւ ուղեւորվել է Մինսկի շրջանի առողջարաններից մեկը:

Նրանք ուշադրություն են գրավել ռուս զբոսաշրջիկներին ոչ բնորոշ պահվածքով եւ միանման հագուստով: Ալկոհոլ չեն օգտագործել, զվարճանքի վայրեր չեն այցելել՝ փորձելով ուշադրություն չգրավել: Նրանք ոչ մեծ խմբերով ուսումնասիրել են տարածքը:

Այսօր գիշերը 32 մարդ ձերբակալվել է: Բացի այդ եւս մեկ մարդ է ձերբակալվել երկրի հարավում: Նշված անձանց նկատմամբ ՔԿ-ն ստուգումներ է անցկացնում: