Նոր մանրամասներ են հայտնի Երեւանում այսօր՝ հուլիսի 29-ին շտապօգնության ավտոմեքենայի վթարից, որը բախումից հետո շրջվել էր:

Հիշեցնենք, որ Երևանում այսօր ժամը 14։30-ի սահմաններում Մամիկոնյանց-Գրիբոյեդով փողոցների խաչմերուկում բախվել էին Ford Fusion մակնիշի 10 AV 888 համարանիշի և Haise մակնիշի 676 AO 61 համարանիշի ավտոմեքենաները։

Պարզվել է, որ բախվել է երեք ավտոմեքենա․ կա երեք տուժած։ Տուժածները տեղափոխվել են «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Դեպքի վայր է ժամանել նաև ԱԻՆ հոգեբանը, ով վթարի հարևանությամբ գտնվող կրպակի աշխատակցուհուն հոգեբանական օգնություն է ցուցաբերում, քանի որ վթարը տեղի է ունեցել նրա աչքի առաջ։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ասում էին, որ շտապօգնության ավտոմեքենայի ձայնային և լուսային ազդանշանները միացված են եղել։ Շտապօգնության ավտոմեքենան կողաշրջվելու ընթացքում բախվել է նաև կայանված վիճակում գտնվող Ford Transit մակնիշի ավտոմեքենային։