Վրացի լեյբորիստները կոչ են արել Թուրքիային դադարեցնել «հակավրացական» գործողությունները։ Այդ մասին այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է նույն կուսակցության առաջնորդ Շալվա Նաթելաշվիլին։
Նրա խոսքերով, Թուրքիան հակավրացական գործունեություն է ծավալում։ Մասնավորապես, նա Ռուսաստանին իր պատրաստակամությունն է հայտնում ճանաչել Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը, եթե Մոսկվան ճանաչի Հյուսիսային Կիպրոսի անկախությունը։
«Մինչ նախագահ Սահակաշվիլին հաջորդ սուտն է հորինում, հակավրացական միջազգային ճակատին պաշտոնապես միանում է նաեւ հարեւան Թուրքիան։ Հասկանալի է, որ Թուրքիայի կառավարող վերնախավի մեջ զարթնել է գազանային բնազդը։ Ինչպես երեւում է, նրանց չի բավարարում 1921թ. Աթաթուրքի եւ Լենինի միջեւ կնքված Կարսի պայմանագիրը, որի համաձայն պատմական Վրաստանի հողերի մեծ մասը այսօր գտնվում է Թուրքիայի ձեռքում։ Գործը հասավ նրան, որ Թուրքիան չպաշտպանեց մեզ ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովում, որտեղ քննարկվում էր Վրաստանի տարածքային ամբողջականության հարցը։ Բացի այդ, թուրքական քարտեզներում, որ ստեղծվել են դասագրքերի համար, Աջարիան մտցված է Թուրքիայի տարածքի մեջ, իսկ Վրաստանի նախագահը կամ լռում է կամ պսակներ դնում Աթաթուրքի շիրիմին»,- հայտարարել է Նաթելաշվիլին։



























