Պերուի մայրաքաղաք Լիմայում ավարտվեց ծանրամարտի աշխարհի պատանեկան առաջնությունը (մինչեւ 17 տարեկաններ): Այն ոսկե ավարտ ունեցավ Հայաստանի հավաքականի համար: Վերջինը մրցահարթակ դուրս եկան գերծանրքաշայինները` +94 կգ:
Գերազանց հանդես եկավ Հայաստանի ներկայացուցիչ Գոռ Մինասյանը, որի քաշը 129 կգ է: 16-ամյա հսկան երկամարտում ցույց տվեց 379 կգ արդյունք եւ հռչակվեց աշխարհի առաջնության հաղթող: Մինասյանն առաջինն է եղել նաեւ առանձին վարժություններում: Պոկում վարժությունում նա բարձրացրել է 174 կգ, իսկ հրում վարժությունում` 205 կգ:
Երկրորդ տեղը գրաված իրանցի Ալիռեզա Կազեմինեժադը երկամարտում ցույց է տվել 367 կգ արդյունք, սակայն նշենք, որ նրա քաշը 165 կգ է:




























