«Մենք վախենում ենք, որ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման մեջ առկա է նաեւ լուրջ հոգեբանական գործոն: Թուրքերը արդեն Արեւմտյան Հայաստանը չեն դիտարկելու որպես հայկական տարածքներ»,- այսօր հայ-թուրքական արձանագրությունների դեմ 11 կուսակցությունների կողմից համատեղ հայտարարություն տարածելուց հետո, իր խոսքում նշեց այդ հայտարարությունը ստորագրած Հայ արիների միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանը: Նրա խոսքով, եթե իշխանությունները ստորագրեցին այս արձանագրությունները, միայն դավաճանի պիտակով չեն պրծնելու: «Հայ ազգը վրիժառուներ է տվել, էլի կտա»,- սպառնաց նա ու հավելեց. «Եթե անգամ դրանք ստորագրվեն, մենք ամեն ինչ կանենք, որ դրանք չգործեն»:
Հայ ազգայնականների համախմբում կազմակերպության անդամ, լիբանանահայ պատմաբան Գեւորգ Յազիչյանն էլ նշեց, այս արձանագրությունները լուրջ ճեղքեր են առաջացրել հայ հասարակության ներսում, այդ թվում նաեւ եկեղեցում: Այնուհետեւ նա գովերգեց Լիբանանում գործող ահաբեկչական «Հզբոլլահ» խմբավորումը: Նրա խոսքով, «նման մի փաստաթուղթ էլ 1983 թվականին Լիբանանում են ստորագրել, բայց „Հզբոլլահ“-ի հայրենասեր տղաները աղբանոց նետեցին թե փաստաթուղթը, թե այն ստորագրողներին: Հիմա մեզ մոտ էլ նույնն է լինելու»:




























