Մադրիդի Ռեալի պորտուգալացի հարձակվող Քրիշթիանու Ռոնալդուն Իսպանիայի առաջնության նախավերջին տուրում երկու գնդակ խփելով Վիլյառեալի դարպասը բարելավեց մեկ մրցաշրջանում իսպանական առաջնությունում խփած գնդակների ռեկորդը: Ռեալը հաղթեց 3:1 հաշվով (Ռեալի հաղթանակի շնորհիվ Վալենսիան ապահովեց Իսպանիայի առաջնության բրոնզե մեդալները), իսկ Ռոնալդուն արդեն ունի 39 գոլ, ինչը մեկով ավելի է նախորդ տարիների երկու լավագույն ռմբարկուների ցուցանիշից: 1950-51թթ. մրցաշրջանում Բիլբաոյի Աթլետիկի խաղացող Տելմո Սառան եւ 1989-90թթ. մրցաշրջանում Ռեալի մեքսիկացի ռմբարկու Ուգո Սանչեսը խփել էին 38-ական գնդակ:
Իսպանիայի առաջնության այս տարվա ռմբարկուական մրցավազքում Ռոնալդուն արդեն 8 գոլով գերազանցում է Բարսելոնայի արգենտինացի խաղացող Լիոնել Մեսիին:





























