Թուրքիայի նախագահը Հայաստանի հավաքականի հետ խաղից առաջ բուրսացիներին կոչ է արել լինել պատասխանատու, տեղեկացնում է թուրքական Haberturk կայքէջը։ Աբդուլահ Գյուլը Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային խաղից առաջ ընդունել է Բուրսայի նահանգապետ Շահաբեդին Հարփութին, Բուրսայի քաղաքապետ Ռեջեփ Ալթեփեին եւ Բուրսայի ոստիկանապետ Զեքի Չաթալքայային, «Բուրսասփոր» ակումբի նախագահին, Բուրսայի նահանգային Սպորտի եւ երիտասարդության գծով բաժնի պետին, Բուրսայի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին եւ երկրպագուների խմբերի ներկայացուցիչներին։ Թուրքիայի նախագահը՝ նշելով, որ իրեն Հայաստանում դիմավորել են հյուրընկալությամբ, ասել է. «Չնայած Թուրքիայի հավաքականը 2։0 հաղթեց Հայաստանի հավաքականին՝ մեզ Հայաստանում շատ լավ վերաբերվեցին։

Ցանկանում եմ, որ Բուրսայում կայանալիք խաղը աշխարհում խաղաղության օրինակ լինի։ Հավատում եմ, որ Բուրսան Հայաստանի հավաքականին կդիմավորի եւ կպատվի օրինակելի հյուրընկալությամբ»,-ասել է Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը։ Իր հերթին, Բուրսայի նահանգապետը նշել է, որ հոկտեմբերի 14-ին ամբողջ աշխարհի ուշադրությունը սեւեռված կլինի Բուրսայի վրա, եւ իրենք ամենալավ հյուրընկալությունն են կազմակերպելու։