Հանրապետական կուսակցությունը հարգանքով է վերաբերվում հայ-թուրքական կարգավորման գործընթացի շուրջ առկա բոլոր գնահատականներին, բայց գտնում է, որ գնահատականները պետք է կոռեկտ եւ քաղաքակիրթ լինեն: Այդ մասին հոկտեմբերի 6-ին Ազգային ժողովում հայտարարությունների ժամին ասել է ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը:
Վերջինս նաեւ նշել է, թե հայ-թուրքական արձանագրություններն ընդամենը առաջին քայլն են հայ-թուրքական հարաբերություններում կնճռոտ խնդիրները լուծելու համար: «Նախագահ Սարգսյանը աննախադեպ քայլ է ձեռնարկել՝ նախաձեռնելով համահայկական ուղեւորությունը»,- նկատեց Շարմազանովը՝ նշելով, որ հասկանում է սփյուռքահայության մտահոգությունը. «Այսօրինակ ցավոտ հարցերում խնդիրներ չլինել չեն կարող»:
Ի դեպ, ՀՀԿ խմբակցության նախագահ Գալուստ Սահակյանն ու պատգամավոր Կարեն Ավագյանը Սերժ Սարգսյանի ուղեւորության ընթացքում իրենց բողոքի ձայնը բարձրացրած սփյուռքահայերին ազգի տականք էին անվանել:



























