Այսօր արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանն ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության (ԳԴՀ) մարդու իրավունքների և հումանիտար օգնության հանձնակատար Գյունտեր Նուկին ու նրան ուղեկցող պատվիրակությանը: Գյունտեր Նուկը հետաքրքրվել է Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության հիմնահարցերով, մասնավորապես, քրեակատարողական հիմնարկներում և զանգվածային լրատվամիջոցների ոլորտում, ինչպես նաեւ համաներման գործընթացին վերաբերող տեղեկություններով: Այս մասին News.am-ին տեղեկացել է նախարարության մամուլի ծառայությունից:
Գյունտեր Նուկը ընդգծել է, որ Հայաստանում գտնվում է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում եվրոպական սկզբունքների և չափանիշների ներդրմանն ու իրագործմանը աջակցություն ցուցաբերելու նպատակով: Նրա գնահատմամբ, Հայաստանն այն երկիրը չէ, որ մարդու իրավունքների պաշտպանության մակարդակը կարող է տագնապահարույց լինել: Գերմանական պատվիրակությանն ընդունել է նաեւ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը: Հանդիպման ընթացքում Պաշտպանը ներկայացրել է Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության առնչվող ներկա իրավիճակը, բարելավման հնարավորությունները, ՄԻՊ-ի ազգային ինստիտուտի ամրապնդման և հզորացման խնդիրները, համագործաքցությունը միջազգային կառույցների և հաստատությունների հետ:



















