Երեւանի ժամանակով ժամը 19-ին Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի «Հափթուր» հյուրանոցում սկսվել է Հայաստանի նախագահ սերժ Սարգսյանի հանդիպումը սփյուռքահայության ներկայացուցիչների հետ: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Բեյրութում լույս տեսնող «Ազդակ» պարբերականի աշխատակից Վահրամ Էմիյանը:
Վերջինս նաեւ մեզ հայտնեց, որ հենց հյուրանոցի մերձակայքում ընթանում է լիբանանահայության բողոքի գործողությունները, որոնց մասնակցում են ավանդական երեք՝ ՀՅԴաշնակցություն, Հնչակյան եւ Ռամկավար-ազատական կուսակցությունների ներկայացուցիչները: «Ազդակի» աշխատակիցը նաեւ նշեց, որ ցուցարարները փակել էին հյուրանոցի մուտքը, սակայն, Սերժ Սարգսյանին տեսնել նրանց չի հաջողվել:
Հիշեցնենք, որ Բեյրութը Սերժ Սարգսյանի համահայկական ուղեւորության նախավերջին կանգառն է՝ Փարիզից, Նյու Յորքից եւ Լոս-Անջելեսից հետո: Իսկ արդեն վաղը Սարգսյանը լինելու է Դոնի Ռոստովում, որտեղ էլ կավարտի իր ուղեւորությունը:




























