Առողջության պահպանման եւ ընտանիքի պլանավորման կենտրոնի վերարտադրողականության բաժնի ղեկավար, Երեւանի բժշկական համալսարանի մանկաբարձության եւ գինեկոլոգիայի ամբիոնի դոցենտ Գեորգի Կիմի Պողոսյանը գոհ չէ հայ կանանց ֆիզիկական պատրաստվածությունից, քանի որ կանանց մեծ մասը մտածում է սիրուն կազմվածք ունենալու մասին, ինչը շատ լավ է, բայց նաեւ վնասում է առողջությանը:

Այս մասին այսօր` մայիսի 17-ին, նա նշեց լրագրողների հետ հանդիպմանը` հավելելով, որ փոխանակ սպորտով զբաղվելու եւ նիհարելու, նրանք դիետա են պահում, ինչը «լուրջ պրոբլեմներ է ստեղծում ե’ւ հղիության, ե’ւ ծննդաբերության ընթացքում»:

Նրա խոսքով, կինը պետք է պատրաստ լինի ծննդաբերությանը, այլապես դա դժվարություններ է ստեղծում բժշկի համար: «Նախ չափազանցված են ծննդաբերության ցավերի մասին պատկերացումները: Իհարկե, ցավեր կան, բայց այդ ցավերի ավարտը լավ է, երեխա պետք է ծնվի»,- ասաց Գեորգի Կիմիչը, խորհուրդ տալով հղիներին լողով զբաղվել, հետեւել սննդակարգին եւ հագուստին: «Սնունդը պետք է լինի համաչափ, հավասարակշռված, պետք է տալ սպիտակուց, ճարպ, ածխաթթու, չի կարելի մի բանից զրկել, այլապես առաջանում է անհավասարակշռություն եւ խախտումներ: Հղի կանայք սկսում են շատ վախենալ, ինչի պատճառով հաճախ չեն հասկանում իրենց ամուսիններին»,- ասաց Գ. Պողոսյանը:

Նրա խոսքով` եթե կինը հղի է, չպետք է նեղ, փորը սեղմող հագուստ կրի, կան հատուկ հագուստ հղիների համար: Արգելվում է մազերը ներկել հղի ժամանակ, դա երեխայի վրա կարող է վատ ազդել:  Նա կոչ է անում շատ օգտագործել տեղական ապրանքներ, քանի որ դրանք գենետիկորեն ձեւափոխված չեն. «Պետք է կանանց այդ ամենը բացատրել, թե չէ դրանք բացատրում են տատիկները, որոնք, ինչպես ջահել ժամանակ էին ապուշ, այնպես էլ մեծացան ավելի ապուշացան, հիմա էլ ապուշ-ապուշ բաներ են անում` ստեղծելով սոսկալի վիճակներ»,- ասաց նա:

Ասուլիսի մյուս բանախոսը` «Ավետիս» հղիների ուսուցման կենտրոնի ներկայացուցիչ Կարեն Վարդանյանը նշեց, որ իրենց կենտրոնը զբաղվում է հղիների հոգեբանական եւ ֆիզիակական պատրաստվածությամբ: Ամբողջական փաթեթը, որը ներառում է բոլոր 4 ծառայությունները` մարմնամարզություն, շնչառական վարժություններ` յոգայի էլեմենտներով, հոգեբանի եւ մանկաբույժի խմբակային դասախոսություն-քննարկումներ, 60.000 դրամ է: Հղի կանայք կարող են կենտրոն դիմել` սկսած 12 շաբաթվանից: