Յոնի Պերեսի հետ ապրիլի 24-ին մենամարտած եւ IBF վարկածով աշխարհի չեմպիոնի գոտին վերականգնած հայազգի բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանը վիրավորված է հայրենական հեռուստաալիքներից, քանի որ իր համար այդքան կարեւոր հաղթանակի մասին լրատվամիջոցները համարյա չհիշատակեցին։ Մայիսի 17-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ինքը՝ մարզիկը։
«Դա անձամբ իմ եւ հայ ժողովրդի համար շատ կարեւոր օր էր։ Մենամարտից երկու ամիս առաջ արդեն գիտեի, որ ռինգ եմ դուրս գալու «1915» մակագրությամբ, որպեսզի ամբողջ աշխարհին հիշեցնեմ, թե ինչ օր է եղել ապրիլի 24-ը։ Առանձնակի զգացմունքներ ունեի եւ հաղթեցի այդ մենամարտը։ Սակայն ոչ մի հեռուստաալիք իմ անունը չտվեց, նման բան չի կարելի անել։ Ես շատ մեծ մենամարտում էի հաղթել, շատ կարեւոր գոտի էի նվաճել։ Արտասահմանում նման բան չկա»,- պատմեց մարզիկը՝ միաժամանակ տեղեկացնելով, որ ինքն այժմ Հայաստանում է հանգստանալու նպատակով եւ սպասում է նոր մենամարտերի հրավերների։
Վիկ Դարչինյանը տեղեկացրեց նաեւ, որ մտադիր է բարձրանալ 4-րդ քաշային կարգ, եւ գոտիներ վաստակել արդեն նոր քաշային կարգում։
«Ցանկանում եմ ավելի բարձր քաշերում ավելի շատ գոտիներ ունենալ, բայց ոչ թե անձամբ իմ, այլ բռնցքամարտի պատմությամն մեջ նոր ռեկորդներ սահմանելու համար»,- նկատեց նա։
Դիտարկմանը, թե սպորտի համար իր պատկառելի տարիքին՝ չի՞ մտածում արդյոք մեծ սպորտից հեռանալու մասին, Դարչինյանը նկատեց, որ դեռ դրա ժամանակը չէ, եւ երբ պահը գա, ինքն անպայման կթողնի սպորտը։ «Ինչ վերաբերում է իմ տարիքում քաշային կարգ փոխելուն, ապա դրանից եւս չեմ վախենում։ Եթե վախենամ, նոր գագաթների նվաճելու հնարավորությունից կզրկեմ ինձ»,- բացատրեց բռնցքամարտիկը։
Հարցին, թե համապատասխան հրավերի դեպքում չի՞ ստանձնի արդյոք Հայաստանի բռնցքամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը, Վիկ Դարչինյանն ասաց, որ նախեւառաջ մտադիր է օրերս հանդիպել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ եւ Հայաստանում բռցքամարտի դպրոց բացելու առաջարկ անել նրան։ «Բացի այդ, Ավստրալիայում, ուր ապրում եմ, արդեն մեծ ակումբ ունեմ»,- ասաց նա։
Ամփոփելով՝ Վիկ Դարչինյանն անդրադարձավ նաեւ նախկին բռնցքամարտիկ, Եվրոպայի չեմպիոն Սամսոն Խաչատրյանի ձերբակալության թեմային՝ նշելով, որ վերջինս իր լավ ընկերն է. «Նա շատ տաղանդավոր մարզիկ է, չի կարելի մեր սպորտսմեններին վատ վերաբերել։ Չեմ կարծում, որ Սամսոնը կարող էր անել մի բան, որ կնեղացներ որեւէ մեկին»,- համոզմունք հայտնեց Դարչինյանը:
Հիշեցնենք, որ ՀԱԿ-ի մարտի 1-ի հանրահավաքում տեղի ունեցած միջադեպից հետո Սամսոն Խաչատրյանը կալանավորվել էր: Նա դատապարտվել է 1 տարվա պայմանական ազատազրկման:





























