Հայաստանի առողջապահության ոլորտին 2010թ. բյուջեով հատկացվել է 58 մլրդ 223 մլն դրամ:

Բյուջեն կատարվել է 97,4 տոկոս: Այդ գումարով իրացվել է 64 ծրագիր: Կառավարության պահուստային ֆոնդից հատկացվել է 375 մլն դրամ: Ընդհանուր առմամբ, ոլորտի համար ծախսել են երկրի բյուջեի 5,9 տոկոսը:

Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը նշել է, որ հաշվետու տարում դրվել է բարեփոխումների հիմքը: Ընդ որում նա նշել է, որ 2010թ. ֆինանսավորումը գրեթե չի տարբերվել 2009թ. ֆինանսավորումից: Բուժաշխատողների աշխատավարձերը մնացել են նույն մակարդակի վրա: Հայաստանի յուրաքանչյուր բնակչի հաշվով հատկացվել է 17 հազար 100 դրամ:

Հիվանդանոցային ծառայությունների համար ուղղվել է 21,4 միլիարդ դրամ, պետության կողմից փոխհատուցվել է 245 հազար հիվանդների բուժումը: 9,8 միլիարդ դրամ ուղղվել է ծննդօգնությանը: Պետպատվերով իրականացվել է սրտի 63 վիրահատություն: Նախարարը նշել է, որ Հայաստանում վերջին շրջանում աճել է ծնելիության մակարդակը: