Այսօր, մայիսի 18-ին Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում տեղի կունենա եվրոպական ակումբային ֆուտբոլի կարեւորությամբ երկրորդ եզրափակիչը` հայտնի կդառնա Եվրոպայի լիգայի հաղթողը: Առաջին անգամ եզրափակիչը պորտուգալական է: Մրցելու են Պորտուն ու Բրագան: Ֆավորիտը Պորտուն է, որն իր պատմության ընթացքում երկու անգամ դարձել է Չեմպիոնների լիգայի հաղթող (1986/87, 2003/04), նվաճել է ՈւԵՖԱ-ի գավաթը (Եվրոպայի լիգայի նախկին անվանումը, 2002/03), երկու անգամ նվաճել է Միջմայրցամաքային գավաթը (1987, 2004) եւ մեկ անգամ` ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը (1987):
Ապրիլի վերջին Անդրե Վիլաշ-Բոաշի թիմը ժամանակից շուտ նվաճեց Պորտուգալիայի չեմպիոնի տիտղոսը` 25-րդ անգամ եւ երկրի գավաթի խաղարկության եզրափակիչում կպայքարի 16-րդ գավաթի համար:
Բրագան Պորտուգալիայի գավաթի խաղարկությունում անցած դարի կեսերին տարած մեկ հաղթանակից բացի այլ տիտղոսներ չունի:
Ազգային մրցաշարերում ակումբները հանդիպել են 131 անգամ: Պորտուան 92 անգամ հաղթել է, ընդամենը 17 անգամ ուժեղ է եղել Բրագան:
Եվրոպայի լիգայի եզրափակիչի ճանապարհին Բրագան դուրս է թողել Լիվերպուլին, Կիեւի Դինամոյին եւ Բենֆիկային: Պորտուն հաղթահարել է Մոսկվայի ԲԿՄԱ-ի, Մոսկվայի Սպարտակի եւ Վիլյառեալի արգելքը:
Պորտու - Բրագա եզրափակիչ հանդիպման գլխավոր մրցավարը կլինի իսպանացի Կառլոս Վելասկո Կարբալյոն: Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:45-ին:




























