Հայաստանի ֆուտբոլի հավաքականին 2010 թվականի աշխարհի առաջնության շրջանակներում երկու բարդագույն խաղ է սպասվում Իսպանիայի ու Թուրքիայի ազգային հավաքականների հետ, որոնք տեղի են ունենալու համապատասխանաբար հոկտեմբերի 10-ին ու 14-ին։ Նոր բան ասած չենք լինի, եթե ընդգծենք, որ մեր թիմը այդ խաղերում չի համարվում առաջատար։ Եվ այնուամենայնիվ, կաշվե գնդակի հայ երկրպագուներն իրենց հոգու խորքում հույս են փայփայում, որ մեր ֆուտբոլիստներին կհաջողվի պատվով դուրս գալ այդ ոչ դյուրին փորձությունից։

Այս ամենի մասին հանդիպումների նախաշեմին արտահայտվել է մեր հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը։ Այդ հակամարտություններից ունեցած մեր սպասումների վերաբերյալ հավաքականի մարզիչն ասում է. "իսպանացիներն ինձ համար ոչ միայն Եվրոպայի չեմպիոններն են, այլեւ աշխարհի լավագույն թիմ։ Այնպես որ, դժվար կլինի նրանց որեւէ բանով զարմացնել։ Սակայն հաշվի առնելով, որ նրանք արդեն իրենց ապահովել են աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգրով, հարկավոր է նրանց դեմ խաղալ առավելագույնս հավաքված եւ ուշադիր՝ ցուցադրելով որքան հնարավոր է բովանդակալից ֆուտբոլ։ Եվ, ինչու ոչ, նրանց տհաճ անակնկալ մատուցել։ Նույնը վերաբերում է նաեւ Թուրքիայի հավաքականի հետ արտագնա խաղին։ Այստեղ պատասխանատվությունն ավելի մեծ է։ Սակայն Թուրքիան մինչ այդ կարող է կորցնել մոտիվացիան, եւ մենք առավելագույն նվիրվածության ու կենտրոնացման դեպքում կփորձենք օգտվել դրանից։