Իտալիայի սահմանադրական դատարանը կարող է հակասահմանադրական ճանաչել բարձրաստիճան պաշտոնատար անձանց քրեական հետապնդումն արգելող օրենքը: Այդ պարագայում երկրի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին կարող անախորժություններ ունենալ: Նրան կարող են մեղադրել կաշառք վերցնելու, պատգամավորների նկատմամբ ճնշում գործադրելու եւ հարկային օրենսդրությունը խախտելու մեջ:
Այս հարցի առնչությամբ ՍԴ-ում առաջին նիստն ավարտվել է երեկ ուշ երեկոյան: Երեք դատավորներ կողմ են արտահայտվել օրենքն ուժի մեջ թողնելուն, իսկ մեկը` օրենքը վերանայելուն: Մնացած 11 դատավորները դեռեւս ձեռնպահ են մնում գնահատականներից: Վերջնական որոշումը կկայացվի մեկ շաբաթվա ընթացքում:

Հիշեցնենք, որ Բեռլուսկոնիի անվան հետ միանգամից մի քանի սկանդալներ են կապված: Օրինակ, նրան մեղադրում են քննադատաբար տրամադրված լրատվամիջոցների «բերանը փակելու» մեջ: Վարչապետը դատի է տվել մի թերթի, որն իր կայքում տեղադրել է նրա եւ մարմնավաճառ մի աղջկա` Պատրիցիա Դ'Ադդարիոյի խոսակցությունը: Աղջիկը պնդում է, որ վարչապետին սեքսուալ բնույթի ծառայություններ է մատուցել: Այդ սկանդալի հետ կապված Բեռլուսկոնիից պահանջել են հրաժարական տալ, բայց նա հերքել է բոլոր մեղադրանքները եւ հավաստիացրել, որ չի պատրաստվում հեռանալ պաշտոնից: Սեպտեմբերին Բեռլուսկոնին հայտարարել էր, որ իրեն համարում է Իտալիայի պատմության մեջ ամենալավ վարչապետը:

Իտալիայի պետական հեռուստաընկերությունը վերահսկող եւ մասնավոր ամենամեծ հեռարձակող ընկերությունն ունեցող Բեռլուսկոնին վերջերս հայտարարել է, որ իտալական լրատվամիջոցներում «շատ սրիկաներ են հայտնվել»: Հոկտեմբերի 4-ին Հռոմում ակցիա է կազմակերպվել ընդդեմ Բեռլուսկոնիի կողմից ազատ լրատվամիջոցների դեմ դատական հայցերի: Բեռլուսկոնին ակցիան համարել է սադրանք: