Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը մայիսի 18-ին ժամը 9.00-ին անակնկալ կերպով այցելել է  «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղ մայիսի 3-ին բժիշկները սխալմամբ, 8 տարեկան Գեւորգ Մովսիսյանի փոխարեն փորձել էին վիրահատել 4-ամյա Նարեկ Դարբինյանին:

Ըստ NEWS.am-ի հավաստի աղբյուրների` հիվանդանոցում բոլորն անակնկալի են եկել: Նախարարը հատկապես դժգոհ է եղել բ/կ-ի ընդունարանի վիճակից, քանի որ այն բավականին անմխիթար էր, շրջել է նաեւ բոլոր հարկերով եւ բաժիններով: Քուշկյանը  հանձնարարել է վերանորոգել ընդունարանը, կարգի բերել հիվանդանոցը եւ խոստացել 2 շաբաթից այցելել եւ ստուգել: Անակնկալ այցելության ժամանակ առողջապահության նախարարը զրուցել է նաեւ ծնողների հետ:

Ի դեպ նշենք, որ մայիսի 3-ին տեղի ունեցած այդ աննախադեպ դեպքից հետո Առողջապահության նախարարի խորհրդական Վահան Պողոսյանը ամեն օր այցելում է բժշկական կենտրոն` ստուգումներ եւ վերհսկողություն անցկացնում:

Մեր հավաստի աղբյուրների փոխանցմամբ` Քուշկյանը հանձնարարել է արձանագրել բոլոր խախտումները եւ ձեռնամուխ լինել դրանց լուծմանը: Նախարարի այցից հետո բ/կ են այցելել նաեւ տարբեր մասնագետներ, ովքեր ուսումսաիրել են հիվանդանոցի սանիտարահիգիենիկ վիճակը:

Ինչպես արդեն նշել է NEWS.am-ը, մայիսի 3-ին այս հիվանդանոցում  բժիշկները 8 տարեկան Գեւորգ Մովսիսյանի փոխարեն փորձել են վիրահատել 4-ամյա Նարեկ Դարբինյանին, մինչդեռ նա ընդամենը պետք է ենթարկվեր թոքերի ռենտգենի: Երեխայի ծնողները մի քանի րոպե անց են հասկացել, որ երեխան սխալ սենյակ է տարվել եւ բարձրացված աղմուկից հետո դադարեցվել է նրա վիրահատությունը:

Բ/կ-ի տնօրենի խոսքով` բժիշկներն այդ ընթացքում հասցրել են ընդամենը երեք սանտիմետրանոց կտրվածք անել երեխայի աճուկային շրջանում, ինչից հետո ստիպված են եղել կարել բացվածքը: Այս դեպքից հետո Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի կարգադրությամբ «Սուրբ Աստվածամայր» բ/կ-ում աշխատանքից ազատվել են 4  բժիշկներ` իրենց պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար: Աշխատանքից ազատվել են մանկական վիրաբուժական բաժանմունքի վիրաբույժ Ռ. Անտոնյանը, վիրահատարանի բաժանմունքի վարիչ անեսթեզիոլոգ Մ. Դալլաքյանը, վիրաբուժական բաժանմունքի բուժքույր Ե. Մաթեւոսյանը եւ վիրահատարանի բուժքույր անեսթեզիստ Վ. Հայրապետյանը:

Բ/կ-ի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանին հայտարարվել է խիստ նկատողություն եւ առաջարկվել է քննարկել հետագա պաշտոնավարման նպատակահարմարությունը: Խիստ նկատողություն է հայտարարվել բուժգծով փոխտնօրենին, մանկության գծով օգնականին եւ մանկական վիրաբուժական բաժանմունքի վիրաբույժին: