Հայ-թուրքական հարաբերություններն ու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը զուգահեռ գործընթաց են, սակայն մեկի հաջողությունը կարող է հաջողության հնարավորություն ստեղծել նաեւ մյուսի համար: Այս մասին այսօր Երեւանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ովքեր տարածաշրջանային այցով գտնվում են Երեւանում:

Ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն ասել է, որ այդ երկու պրոցեսները ընթանում են միաժամանակ, բայց առանձին-առանձին: Նա նաեւ ընդգծել է, որ եթե մեկի դեպքում գրանցվի առաջընթաց, ապա դա կարող է նպաստել մյուսի գործընթացում հաջողության հնարավորություն ձեւավորելուն:

Ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան իր հերթին նկատել է, որ այդ գործընթացներից մեկը կարող է արագ գնալ, մյուսը դանդաղ, բայց որեւէ մեկում հաջողության պարագան կարող է բարելավել մթնոլորտը, նպաստել համընդհանուր մթնոլորտի եւ հնարավորությունների ձեւավորմանը: