Շփման գծում դիպուկահարների վերացման առաջարկն ընդունվել է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի իշխանությունների կողմից, ինչը չի կարելի ասել Ադրբեջանի իշխանությունների մասին: Այս մասին այսօր կայացած ասուլիսում հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը:

Ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն էլ հավելել է, որ իրենց դեռևս չի հաջողվել այդ հարցում համաձայնության գալ Ադրբեջանի իշխանությունների հետ, բայց հույս ունեն, որ շուտով ադրբեջանական իշխանությունները կհամաձայնեն դիպուկահարներին վերացնելու առաջարկին, ինչը անվտանգության ապահովման կարևոր պայմաններից մեկն է:

Հիշեցնենք, որ դիպուկահարների վերացման առաջարկով հանդես էին եկել Հայաստանի, Ադրբեջանի ու ԼՂՀ մտավորականության ներկայացուցիչները, ովքեր հանդիպումներ են ունեցել երեք երկրների իշխանությունների հետ:
Նշենք, որ դիպուկահարներին առաջատար դիրքերից հեռացման վերաբերյալ առաջարկը եղել է ԵԱՀԿ արտգործնախարարների` 2008-ի դեկտեմբերի 4-ին Հելսինկիում կայացած խորհրդի նիստի ընթացքում: Այն ներկայացվել է Մինսկի խմբի համանախագահող երկրների կողմից` վստահության ամրապնդման նպատակով: